ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ․ ահա, թե քանի օր ոչ աշխատանքային կլինի Ամանորին

Uncategorized

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության հեղինակած նախագծին, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Առաջարկում ենք հոդված 1-ը փոփոխել հետևյալ կերպ՝ Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր: Նախագծի ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ»,-ասաց Քերոբյանը: Նախարարը նշեց՝ ներկայում ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին:

Ըստ նրա՝ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով՝ իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտի արտադրանքի, ծառայությունների, թողարկման ծավալների համար, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա: Ըստ նախարարության հաշվարկների՝ հինգ լրացուցչ աշխատանքային օրերի դեպքում համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանան 88.6 մլրդ դրամով: Դա ՀՀ-ի համախառն ներքին արդյունքի ավելի քան 1.3 տոկոսն է: